ՇԱՆՍ ԿԱ
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, երեկ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցն ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ։ Քննարկվել են հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցեր։
Այս կարճառոտ հաղորդագրությունը, թերևս, կարելի է համարել ամենակարևոր առաջին արձագանքն ամերիկյան կողմից` Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ուղերձից առաջ։ Սպասումներն ԱՄՆ-ի նոր նախագահի անդրանիկ ուղերձից հայտնի են։ Սկզբում, ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում խիստ լավատեսորեն էին տրամադրված և նույնիսկ կար ձևավորված համոզմունք, որ ապրիլի 24-ին Օբաման անպայման կհնչեցնի 1915-23-ին Օսմանյան Թուրքիայում հայերի հետ կատարվածի իրական բնորոշումը` ցեղասպանություն։ Ինչը կնշանակի ԱՄՆ-ի կողմից Հայոց մեծ եղեռնի պաշտոնական ճանաչում։
Սակայն ԱՄՆ-ի նախագահի` ապրիլի 6-ին Թուրքիա կատարած այցից և այնտեղ հնչեցված որոշ հայտարարություններից հետո հայության տարբեր հատվածների լավատեսությունը մի փոքր մթագնած է։ Կա կարծիք, որ, այնուհանդերձ, Անկարան կարողացել է այնպիսի ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա, որ ԱՄՆ-ի նախագահը, չնայած, իր իսկ բնորոշմամբ, չի փոխել անձնական կարծիքը, սակայն, այնուհանդերձ, ձեռնպահ կմնա «ցեղասպանություն» բառը հնչեցնելուց, թուրք-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն զարգանալ նախկին հունով, իսկ Հայաստանն ու սփյուռքը կապրեն հերթական հիասթափությունը։ Եվ, այնուհանդերձ, ոչ ոք չի կարող կանխորոշել, թե ինչ է ասելու Բարաք Օբաման ապրիլի 24-ին` ամերիկահայությանն ուղղված ավանդական ուղերձում։ Սկզբունքորեն ինչպես ցեղասպանությունը չճանաչելու, այնպես էլ ճանաչելու հավանականությունը համարժեք է։ Ամենից առաջ, իհարկե, այն պատճառով, որ վերջին տարիներին փոխվել է ԱՄՆ-ի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ, այն պահից ի վեր, երբ ամերիկացիները նախաձեռնեցին իրենց պատմական արշավը դեպի Իրաք, և այդ ժամանակ Անկարան առաջին անգամ ցույց տվեց ժանիքները` գործնականում հրաժարվելով ԱՄՆ-ին էական աջակցություն ցուցաբերելուց Բուշի վարչակազմի կողմից այնքան կարևորվող այս գործողության ժամանակ։ Այսօր Թուրքիային իր դաշնակիցների շարքից «դուրս գրելու» ամերիկյան դրսևորումներից մեկն էլ կարող է լինել ապրիլի 24-ին Բարաք Օբամայի կողմից իրերն իրենց անունով կոչելը, ինչը միանգամից նոր որակ կստեղծի թուրք-ամերիկյան, հայ-ամերիկյան հարաբերություններում և տարածաշրջանում առհասարակ։
Համենայն դեպս, ԱՄՆ-ը հետաքրքրված է հայկական գործոնով, հատկապես վերջին ռուս-վրացական պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի համատեքստում, և ԱՄՆ-ի փոխնախագահի հեռախոսազրույցը Հայաստանի նախագահի հետ պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից։ Միաժամանակ չմոռանանք, որ Ջոզեֆ Բայդենն անցած բոլոր տարիներին ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման հետևողական աջակիցներից է եղել և, ըստ այդմ, կարելի է կարծել, որ եթե ամերիկյան կողմի տրամադրություններն այլ լինեին, Հայաստանի նախագահի հետ առաջին շփումը, այն էլ այնպիսի ծանր թեմայով, ինչպիսին հայ-թուրքական հարաբերություններն են, կհանձնարարվեր ցեղասպանության հարցում ավելի չափավոր հայացքներ ունեցող գործչի։ Սա նշանակում է, որ իրողության ճանաչման հավանականությունը, հարյուր տոկոսանոց չլինելով հանդերձ, բավականին մեծ է։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ